Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ուրուգուայի արտգործնախարարութիւնը յունուարի 4-ին կոչ է արել միջազգայնօրէն ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնը եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրաւունքը. տեղեկացնում է civilnet.am-ը` յղում անելով Prensa Armenia կայքին։

Արտգործնախարար Լուիս Ալմագրոն հանդիպել է Ուրուգուայի Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչների հետ` քննարկելու իրավիճակը Հարաւային Կովկասում։ Նա քննադատել է Ադրբեջանին հրադադարի ռեժիմը խախտելու համար եւ կարեւորել ղարաբաղեան խնդրի հրատապ կարգաւորումը՝ «հաշուի առնելով հայ ժողովրդի ինքնորոշման իրաւունքը եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը  որպէս անկախ պետութիւն՝ 1918 թ. մայիս-1920 թ. դեկտեմբեր ժամանակահատուածի սահմաններով»:

Ուրուգուայի արտգործնախարարութեան պաշտօնական յայտարարութիւնում  ասւում է, որ հաշուի են առնելու Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի աշխատանքը եւ նրա եզրակացութիւնները` Լ.Ղ.Հ.-ի ճանաչման վերջնական որոշումն ընդունելու համար։

Ուրուգուայի արտգործնախարարութիւնը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ճանաչելու հնարաւորութեան շուրջ քննարկումները սկսել է 2011-ից։ «Այդ ժամանակուանից ի վեր հանդիպումներ են տեղի ունեցել Ուրուգուայի կառավարութեան կանցլերի ու բարձրաստիճան պաշտօնեաների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ու դեսպանների հետ»,- ասել է Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչը։

Յիշեցնենք, որ Լ.Ղ.Հ.-ի նախագահ Բակօ Սահակեանը 2011 թ. դեկտեմբերին այցելել էր Ուրուգուա, հանդիպումներ ունեցել այդ երկրի օրէնսդիր մարմնում։ 2012 թ. նոյեմբերին Ուրուգուայի խորհրդարանականների պատուիրակութիւնն էր այցելել Լեռնային Ղարաբաղ։ 2014 թ. յուլիսին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի Ուրուգուա կատարած այցի ընթացքում այդ երկրի նախագահ Խօսէ Մուջիկայի հետ ստորագրուել է համատեղ յայտարարութիւն ղարաբաղեան խնդրի վերաբերեալ։